Blog & news

«ՋոՀարիի պատուհան» Անհատական զարգացման մոդել

Armenian

Ինքնաճանաչման գործիք, որը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ սեփական անձը և բարելավել շրջապատի հետ հաղորդակցության արդյունավետությունը: Մեր անձի ինքնաճանաչման և բացահայտման գործընթացում ինքնըստինքյան ի հայտ են գալիս բազմաթիվ հարցեր։ 

  • Ինչպիսի՞ մարդ եմ ես: 
  • Արդյո՞ք ես այնպիսինն եմ,  ինչպիսին ինքս եմ ինձ ընկալում, թե՞ շրջապատն այլ կարծիք ունի։
  • Ինչպիսի՞ն է իմ «ես»-ը։ 
  • Ինչպիսի՞ն եմ ես իրականում։ 


Մի կողմից, ես մի ամբողջ կյանք եմ ապրել ինքս ինձ հետ, և չկա մեկ ուրիշը, ով կճանաչեր ինձ ավելի լավ, քան ես։ Մյուս կողմից, երբեմն մարդիկ ինձ այնպիսի բաներ են ասում, որոնց հետ չեմ կարող չհամաձայնվել։ Ստացվում է՝ կարծես ինձ ավելի լավ են ճանաչում, քան ինքս ինձ։ 

Այս հարցերի պատասխանը կարող է տալ մի ունիկալ մոդել, որը կոչվում է ՋոՀարիի պատուհան։

Այս մոդելը մշակվել է 50 տարի առաջ և անվանվել ի պատիվ երկու հոգեբանների՝ Ջոզեֆ Լաֆթի և Հարի Ինգհամի: ՋոՀարիի պատուհանը պրակտիկ և միևնույն ժամանակ պարզ մատրիցա է, որը նկարագրում է մարդու հատկանիշները  4 տարբեր տեսանկյուններից:

Մոդելը բաղկացած է 2 առանցքից՝

  • Ես գիտեմ իմ մասին – Ես չգիտեմ իմ մասին
  • Մյուսները գիտեն իմ մասին - Մյուսները չգիտեն իմ մասին։


Բաց գոտի

Առաջին գոտին այսպես կոչված Բաց գոտին է: Այն ընդգրկում է մեր այն հատկանիշները, բնավորության գծերը և սովորույթները, որոնց մասին մենք ինքներս շատ լավ գիտենք, և որոնք ցանկանում ենք ներկայացնել մարդկանց հասարակական կյանքում։ Օրինակ՝ ես գիտեմ, որ ես բարի և հոգատար մարդ եմ, ուստի շփվելիս ես հեշտությամբ ցույց եմ տալիս բարությունս և հոգատարությունս: Կամ ես գիտեմ, որ ինքնավստահ և նախաձեռնող եմ և ինձ դրսևորում եմ այնպես, որ մյուսները նույնպես նկատեն իմ ինքնավստահությունն ու համարձակությունը։

Սովորաբար այս գոտում են գտնում այն հատկանիշները, որոնք հասարակությունը ողջունում, ընդունում և գնահատում է: Օրինակ՝ եթե հասարակության մեջ ընդունված է, որ տղամարդը պետք է ուժեղ լինի, ապա այն տղամարդը, ով իրեն ուժեղ և վստահ է զգում, հանգիստ կդրսևորի այդ հատկությունները: Մյուս կողմից կնոջը, ով ապրում է պահպանողական հասարակությունում, շատ ավելի դժվար կլինի ցույց տալ իր ուժն ու անկախությունը:

Բաց գոտում են գտնվում այն հատկանիշները, որոնք ոչ միայն գիտենք, այլև սիրում և ընդունում ենք։ Միևնույն ժամանակ հավատում ենք, որ այդ հատկությունները ցույց տալով դուր կգանք մարդկանց։

Փակ գոտի

Այս գոտում են գտնվում մեր այն հատկանիշները, որոնք մեծ հաշվով գիտենք, որ գոյություն ունեն, բայց չենք շտապում դրսևորել հասարակությունում: Դրանք մեր այն սովորություններն ու հատկանիշներն են, որոնց մասին մենք գիտենք, բայց փորձում ենք թաքցնել։

Օրինակ՝ ես գիտեմ, որ կարող եմ լինել տաքարյուն և հետևաբար փորձում եմ զսպել էմոցիաներս, փորձում եմ ավելի հանգիստ երևալ և շատ էմոցիոնալ չարձագանքել։ Չնայած որ երբեմն ցանկություն է առաջանում բռունցքով խփել սեղանին, երբեմն նույնիսկ հենց այդպես էլ վարվում եմ, բայց մինչև վերջ աշխատում եմ լինել զուսպ։

Կամ ես գիտեմ, որ ամաչկոտ մարդ եմ, բայց իմ դիրքից ելնելով՝ ստիպված եմ լինել ուժեղ և ինքնավստահ։ Ես աշխատում եմ ինձ վրա՝  փորձելով զարգացնել ներքին վստահությունս, որպեսզի ինձ դրսևորեմ ավելի ուժեղ ու ինքնավստահ, քան իրականում կամ։

Այստեղ կարևոր է նշել, որ բաց գոտու և փակ գոտու միջև ընկած սահմանը շարժական է, այսինքն այն կախված է ենթատեքստից: Մտերիմ մարդկանց հետ մենք թույլ ենք տալիս արտահայտել փակ գոտուց ավելի շատ հատկանիշներ, քան այլ մարդկանց հետ։ Օրինակ, երբ մենք մասնակցում ենք հանրային միջոցառման կամ ինչ-որ անծանոթ միջավայրում ենք հայտնվում, աշխատում ենք շփվել միայն հարգանք վայելող և դրական հատկանիշներով  աչքի ընկնող մարդկանց հետ, ինչպես նաև ինքներս փորձում ենք համապատասխանել այդ չափանիշներին։ Մյուս կողմից, ընտանիքում, հարազատների հետ, կարող ենք լինել ավելի բաց և չվախենալ, որ կլինենք չհասկացված և մերժված։ Հետևաբար, մեր մտերիմները ավելի լավ են ճանաչում մեր «ես»-ը, քան այն մարդիկ, ում հետ նոր ենք ծանոթացել։
Ամեն ինչ հավանաբար շատ ավելի պարզ կլիներ, եթե մենք բաղկացած լինեինք միայն այս երկու գոտիներից: Բայց մենք ունենք անհատականության այլ գոտիներ ևս, նույնքան կարևոր, որքան նախորդները:

Կույր գոտի

Կույր գոտին այն սովորույթներն ու բնավորության գծերն են, որոնք մենք կարող ենք դրսևորել, բայց անգամ չգիտակցել և չնկատել, սակայն մեզ շրջապատող մարդկանց համար դրանք բացահայտ են և տեսանելի։

Մեր կույր գոտին գիտակցաբար ավելի հասկանալի դարձնելու համար օգնության է հասնում համակարգված հետադարձ կապը։ Ինչի միջոցով էլ դուրս ենք բերում այն բնավորության գծերը և սովորությունները, որոնք գտնվում են մեր Կույր գոտում, և արդյունքում բացահայտում ենք ինքներս մեզ։

Ինչու՞ ենք կարևորում հետադարձ կապի համակարգված լինելը։ Մեկ անձի հետադարձ կապը կարող է լինել նրա սուբյեկտիվ մոլորությունը կամ վերաբերմունքը՝ լինելով բացառապես դրական կամ բացասական։ 

Համակարգված հետադարձ կապը տարբեր կոնտեքստներում կրկնվող արձագանքն է, երբ տարբեր մարդիկ տարբեր իրավիճակներում մեր վարքագծին արձագանքում են նույն կերպ։ Միգուցե ձեզ ծանոթ է այն իրավիճակը, երբ տարբեր անձինք, միգուցե նույնիսկ անծանոթ, անկախ իրարից, ձեր սովորությունների կամ վարքագծի մասին տալիս են նմանատիպ հետադարձ կապ։ Եթե նման համակարգված հետադարձ կապ կա, ուրեմն, ամենայն հավանականությամբ,  խոսքը գնում է կույր գոտու մասին։
Կարևոր է նշել, որ հետադարձ կապը միայն բառերն ու բանավոր արձագանքը չէ։ Ավելի հաճախ հետադարձ կապ ենք ստանում մարդանց վերաբերմունքով և ռեակցիաներով։ Իրականում մարդիկ անընդհատ հետադարձ կապ են ապահովում։ Հասարակության մեջ անհնար է հաղորդակցվել առանց հետադարձ կապի։ Մարդը ցանկացած պարագայում արձագանքում է, անգամ եթե խուսափում է բաց շփումից։ Դա կրկին համարվում է հետադարձ կապ, որը շատ բան կարող է ասել մեր պահվածքի մասին։

Փակ գոտու և Կույր գոտու մասին խոսելիս տեղին չէ եզրահանգել, թե պետք է քննարկվեն միայն բացասական հատկանիշներ՝ բռնկուն բնավորություն, ամոթխածություն կամ ցանկացած այլ բան, ինչը մեզ դուր չի գալիս, սա նաև հնարավորություն է բացահայտելու մեր չերևացող ռեսուրսներն ու տաղանդները, որոնք մենք կամ չենք համարձակվում ցույց տալ, կամ ինչ-ինչ պատճառներով չենք նկատում։
Կա ևս մեկ շատ կարևոր գոտի։

Անհայտ գոտի

Սա չորրորդ և վերջին գոտին է, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, բացի նրանից, որ այնտեղ են թաքնված բոլոր այն պոտենցիալ ռեսուրսներն ու հատկանիշները, որոնք կարող են դրսևորվել ապագայում, սակայն դեռևս չեն բացահայտվել թե՛ մեր, թե՛ շրջապատի կողմից։ 

Իսկ ի՞նչ է տալիս այս մոդելը պրակտիկ տեսանկյունից։

ՋոՀարիի պատուհանը շատ պարզ և հասկանալի նկարագրում է անձի զարգացման գործընթացը։
Այս մոդելից ելնելով՝ կա զարգացման երեք մեթոդ։

Առաջին մեթոդն առաջարկում է աստիճանաբար սովորել ցույց տալ ինչ-որ հատկանիշներ, որոնք նախկինում չէիք համարձակվի բացահայտել, օրինակ՝ ցուցաբերել ավելի քնքուշ և նրբանկատ վերաբերմունք ձեր կողակցի նկատմամբ, լինել ավելի ինքնավստահ բանակցություններ վարելիս կամ գործընկերների հետ շփման մեջ։ Այս մեթոդը թույլ է տալիս ճանաչել ինքներդ ձեզ, և ի վերջո բացահայտել, որ նոր հատկանիշներ արտահայտելն ավելի շատ դրական է ազդում ձեր կյանքի վրա, քան բացասական։

Երկրորդ մեթոդն առաջարկում է զարգացնել հետադարձ կապի հանդեպ զգայունությունը, այսինքն լինել ուշադիր ոչ միայն ասված խոսքերին, այլ նրբանկատ լինել, որպեսզի ժամանակին նկատեք մարդկանց արձագանքը։ Այստեղ շատ կարևոր է ճիշտ ժամանակին արձագանքել, քանի դեռ հետադարձ կապը կառուցողական է․ չարժի հասցնել այն աստիճանի, երբ մատնանշում են ձեր կույր կետերը, քանի որ դա կարող է զուգակցվել կոպիտ արտահայտություններով և վարքով։
Եթե հետևենք այս երկու մեթոդներին, ինքնաբերաբար կընդլայնվի մեր Բաց գոտին և կդառնանք էլ ավելի գիտակից,  ազատ և ճկուն։

Երրորդ մեթոդն առաջարկում է օգտագործել լուրջ հոգեբանական տեխնոլոգիաներ և գործիքներ, այսպես ասած “գաղտնի խաղաքարտ”, որը կօգնի բացահայտել մեր Կույր գոտին և Անհայտ գոտին։
Համաձայնվեք՝ շատ հետաքրքիր և օգտակար կլիներ տեսնել սխեմայի թաքնված հատվածները։ Արդյո՞ք գոյություն ունեն այնպիսի գրքեր, որտեղ պարզ նշված կլիներ, թե ինչ թաքնված բնավորության գծեր, պահանջներ և ռեակցիաներ կան Կույր գոտում և Անհայտ գոտում։

Հենց այդպիսի թաքնված խաղաքարտեր են համարվում այնպիսի գործիքները, ինչպիսիք են օրինակ՝ Էննեագրամման, Պրոֆայլինգը և այլն, որտեղ ճշգրտորեն նկարագրվում է մեր էությունը։ 

ՋոՀարիի պատուհանի վարժությունը

Նկարեք կամ տպեք ՋոՀարիի պատուհանի օրինակը։ Լրացրեք քառակուսիները անհատական հատկանիշներով։

Գոտիները լրացնելուց կարող եք մտովի պատասխանել մի քանի հարցի, որոնք կխթանեն ձեր ստեղծագործական մտածելակերպը։ Խորհուրդ ենք տալիս մի քանի անգամ կրկնել հարցերը և լրացնել պատասխանները։

1․ Բաց գոտի

  • Ո՞ր հատկանիշներով և դրսևորումներով եք հեշտությամբ կիսվում միջավայրի հետ։
  • Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր հատկանիշների համար են ձեզ գնահատում և ընդունում։
  • Ո՞ր սովորույթներն ու բնավորության գծերն եք սովորաբար ցուցադրում շփման ժամանակ։
  • Ինչպիսի՞ն կուզենայիք լինել մարդկանց աչքերում։
 Լրացրեք ամենաքիչը 10  հատկանիշ Բաց գոտուց։

 2․ Փակ գոտի

  • Ո՞ր հատկանիշներով և դրսևորումներով եք դժվարությամբ կիսվում միջավայրի հետ։
  • Ինչպիսի՞ հատկանիշներ կուզենայիք փոխել ձեր մեջ։
  • Ձեր էության ո՞ր կողմերն են տեսնում ամենամտերիմ մարդիկ, այն էլ հազվադեպ։
  • Ձեր հատկանիշներից որո՞նք են, որ չեք ցանկանա ցույց տալ շրջապատին։
 Լրացրեք ամենաքիչը հինգ հատկանիշ ձեր թաքնված գոտուց։

 3․ Կույր գոտի

  • Ինչպիսի՞ համակարգված հետադարձ կապ եք ստանում։
  • Ինչպիսի՞ կրկնվող ուղերձներ (բառեր, արարքներ, ռեակցիաներ) եք ավելի հաճախ լսում տարբեր մարդկանցից ձեր հասցեին։ Փորձեք ձևակերպել այդ ուղերձները պարզ, կարճ արտահայտություններով։
  • Կույր գոտու ո՞ր հատկանիշների հետ է կապված այդ հետադարձ կապը։
Լրացրեք առնվազն հինգ ենթադրյալ հատկանիշ ձեր Կույր գոտուց։

 4․ Անհայտ գոտի

  • Ինչպիսի՞ ռեսուրսներ դեռ չեք բացահայտել, բայց կցանկանայիք ունենալ։
  • Ձեր ունեցած տաղանդներից բացի այլ ի՞նչ կարողություններ կուզենայիք ունենալ։
  • Ինչպիսի՞ կարողություններով կկարողանայիք հաճելիորեն զարմացնել շրջապատին և ինքներդ ձեզ։

Լրացրեք առնվազն երեք ենթադրյալ հատկանիշ Անհայտ գոտուց։