Blog & news

Dunning-Kruger-ի ֆենոմենի ազդեցություն

Armenian
Dunning-Kruger-ի էֆեկտի ֆենոմենը հասկանալու համար վերհիշենք Սոկրատեսի հայտնի մեջբերումը. «Միակ իսկական իմաստությունը այն գիտակցության մեջ է, որ դու ոչինչ չգիտես»:  Հույն փիլիսոփայի դարաշրջանում դեռ ոչ ոք չէր էլ լսել կամ չէր մտածել որևէ կոգնիտիվ խեղաթյուրման գոյության մասին, սակայն գործնականում հոգեբանական այս ֆենոմենը գոյություն է ունեցել և նույնիսկ ուսումնասիրվել: Շատ ավելի ուշ, 1999-ին, սոցհոգեբաններ Դեյվիդ Դաննինգը և Ջասթին Կրյուգերն անցկացրեցին բազմաթիվ փորձեր` բացահայտելու կոգնիտիվ խեղաթյուրումների գոյությունը և ապացուցելու Դարվինի հետևյալ տեսակետը․ «Տգիտությունը շատ հաճախ ավելի մեծ վստահություն է առաջացնում, քան գիտելիքը»։ Գիտնականները հնարավորություն էին տվել ուսանողներին իրենց նախընտրած ոլորտներին՝ լեզվաբանություն, հոգեբանություն, մաթեմատիկա, աշխարհագրություն, տնտեսագիտություն և այլն, առնչվող թեմաներով թեստեր լրացնել՝ նպատակ ունենալով ուսումնասիրել նրանց տրամաբանական մտածողության, հումորի զգացողության, քերականության և լեզվի իմացության մակարդակները և այլն։ Այնուհետև յուրաքանչյուր հարցվողին թեստից հետո խնդրել էին գնահատել իր պատասխանները:

Արդյունքներն անսպասելի էին։ Անկախ թեմաներից, այն մասնակիցները, ովքեր թեստի արդյունքներով ստացել էին ավելի ցածր միավորներ, սեփական գիտելիքների մակարդակը գնահատել էին ավելի բարձր, քան նրանք, ում թեստի արդյունքներն անհամեմատ ավելի բարձր էին։ Ստացված փորձի արդյունքներն էլ ավելի ամրապնդելու համար գիտնականները գիտափորձեր սկսեցին անցկացնել տարբեր ոլորտներում զբաղված բազմաթիվ մարդկանց շրջանակներում։   

Հետազոտության արդյունքները հանգեցրին մի կարևոր եզրակացության, որ ոչ կոմպետենտ մարդիկ ի զորու չեն ընկալել իրենց չիմացության աստիճանը, ընկալման սահմանափակ սպեկտոր ունենալու պատճառով: Այդ մարդկանց մոտ չեն կարող ձևավորվել իրենց և ուրիշներին գնահատման ճիշտ չափանիշներ։ Մարդկային ուղեղի համար ավելի հեշտ է ընդունել ուրիշների սխալ լինելու փաստը, քան սեփական գիտելիքների ոչ բավարար լինելը։ Ֆենոմենը ի պատիվ այն նկարագրած գիտնականների կոչվեց Դաննինգ-Կրյուգերի էֆեկտ։
Երևույթը ներկայացված է գծապատկերում, որտեղ կորի միջոցով ներկայացված է կոմպետենտության և ինքնագնահատականի կախվածությունը։

Եկեք այս ամենը պատկերացնենք ավելի պարզ օրինակներով։ Անշուշտ, ձեր շրջապատում կան տասնյակ մարդիկ, ովքեր վստահ են, որ ավելի խելացի են, քան իրականում կան: Վիրտուալ շփման ու տեղեկատվության, ինչպես նաև սոցիալական ցանցերի այս դարաշրջանում ինֆորմացիայի և նորությունների առկա անսպառ հոսքը յուրաքանչյուրին կարող է թույլ տալ իրեն փորձագետ զգալ: Օրինակ՝ ներկայիս համաճարակի իրավիճակով պայմանավորված՝ ի հայտ եկան հարյուրավոր այսպես կոչված «համաճարակաբաններ-գիտակներ», ովքեր, դեռ մի քանի ամիս առաջ, փայլում էին իրենց «քաղաքական վերլուծաբանի գիտելիքներով»: Նման իրավիճակներում, կոգնիտիվ խեղաթյուրումների հետ մրցակցելիս իրական գիտնականների և մասնագետների կարծիքը, կարծես թե, մղվում է հետին պլան և անտեսվում։ Dunning-Kruger-ի ֆենոմենը ամուր խեցու նման պաշտպանում է մարդուն․ նման անիրական միջավայրում նա իրեն բոլորից վեր է դասում: Այս կոգնիտիվ խեղաթյուրումը պաշտպանում է իրականությունից` հնարավորություն տալով մարդկանց արագ մշակել ստացված քաոսային տեղեկատվությունը և որոշումներ կայացնել: Միևնույն ժամանակ, Dunning-Kruger-ի ֆենոմենի ազդեցությամբ մարդիկ ընդունակ չեն ընկալել առողջ քննադատություն և զբաղվել ինքնազարգացմամբ։

Ո՞րն է Dunning-Kruger-ի էֆեկտի ազդեցության պատճառը։

Մեր ԷԳՈՆ առաջին պատճառն է, որ մեզ ստիպում է գերագնահատել մեր կարողությունները և բարձրացնել ինքնավստահությունը: Էգոյի պատճառով մենք դառնում ենք անտարբեր և հրաժարվում ընդունել սեփական սխալներն ու ուրիշների առավելությունը։ Իհարկե, կարելի է առարկել՝ ասելով, որ ինքնավստահությունը կարևոր է և անհրաժեշտ, այն թույլ է տալիս գնահատել սեփական կարողությունները, սակայն միայն կառուցողական ինքնագնահատականը և նույնիսկ ինքնաքննադատությունը կարող են նվազեցնել էգոյի ազդեցությունը և օգնել հասկանալու սեփական իրական կարողությունները:

Կոգնիտիվ խեղաթյուրման մեկ այլ պատճառ է հանդիսանում գիտելիքների պակասը և մի պահ կանգ առնելու և սեփական վարքագիծը գնահատելու ցանկության բացակայությունը: Քանի դեռ չենք գիտակցում մեր բացերը, մենք ի վիճակի չենք հայտնաբերել սխալները և աշխատել դրանց վրա: 

Ովքե՞ր են առավել հակված Dunning-Kruger-ի էֆեկտի ազդեցությանը:

Dunning-Kruger- ի էֆեկտի ազդեցությունը կարող է ունենալ մեզանից յուրաքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական դիրքից։ Բնական է, որ մենք չենք կարող բոլոր ոլորտներում փորձագետ լինել և ինչ-որ պահի կարող ենք դրսևորել այս հոգեբանական երևույթը: Օրինակ՝ փայլուն մաթեմատիկոսը, ամենայն հավանականությամբ, թույլ է պոեզիայի մեջ, սակայն նրա էգոն գուցե և թույլ չտա ընդունելու այդ փաստը:
Երբեմն, անգամ կարող է ծիծաղելի թվալ, թե որքան հաճախ մարդիկ չեն գիտակցում, թե ինչ աստիճանի են իրենք իրենց իսկ մոլորեցնում սեփական ենթադրյալ գերազանցությամբ։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ, օրինակ, վարորդների 80%-ի իրենց վարորդական հմտությունները գնահատում են միջինից բարձր, որն էլ անհամատեղելի է վիճակագրական տվյալների հետ։

Այս մասին, շատ հետաքրքիր եզրահանգման է եկել Բերտրան Ռասելը՝
“Այս աշխարհի խնդիրն այն է, որ հիմարներն ու մոլեռանդները չափազանց ինքնավստահ են, իսկ խելացի մարդիկ լի են կասկածներով:”

Ինչպե՞ս հաղթահարել Dunning-Kruger-ի էֆեկտը:

Իհարկե բոլորն են հակված այս ֆենոմենի ազդեցությանը, սակայն կարելի է սովորել խուսափել այդ սխալներից պարբերաբար տրվող կոնստրուկտիվ հետադարձ կապի շնորհիվ՝ դուրս բերելով այս ֆենոմենի հաճախ հանդիպող օրինաչափություններ, վերլուծելով և բարելավելով անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։
Կան երեք հիմնական քայլեր, որոնք կարելի է կիրառել ողջ կյանքի ընթացքում․

  • Սովորել և կիրառել գիտելիքները: Մարդն ամբողջ կյանքի ընթացքում կարող է նոր բան սովորել, և որքան խորն են գիտելիքները, այնքան ավելի շատ օգտակար և նոր աղբյուրներ են ի հայտ գալիս սովորելու համար:

  • Կոնստրուկտիվ հետադարձ կապի միջոցով գնահատել մարդկանց կարծիքը ձեր վարքի մասին: Կառուցողական հետադարձ կապը կարողությունները գնահատելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Կարևոր է նաև պատրաստ լինել լսելու ոչ միայն դրական այլ նաև բացասական, ուղղորդող կարծիքներ և փորձել ճիշտ ու տեղին արձագանքել դրանց։

  • Պարբերաբար ստուգել գիտելիքները: Անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ստուգել սեփական գիտելիքները և վերլուծական հարցադրումների միջոցով բացահայտել, ճշգրտել, բարելավել և ամրապնդել սեփական համոզմունքները։