Blog & news

«ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՈՒՂՔ» գործիքը խմբային քննարկումներում

Armenian
Ներկայացվում է մարդու էության կարևոր մի ասպեկտ՝ «Ինչպես ենք մենք եզրահանգումներ անում և որոշումներ կայացնում»:

Տեղեկատվական մեծ հոսքի պատճառով սովորաբար մարդիկ շատ ժամանակ չեն տրամադրում ստացված ինֆորմացիան պատշաճ վերլուծելու համար։ Արդյունքում կայացնում են հապճեպ եզրահանգումներ, ինչն էլ կարող է հանգեցնել այլ մարդկանց հետ անհամաձայնությունների կամ կոնֆլիկտների, որոնք շատ հաճախ տեղ են գտնում թիմային աշխատանքներում։

Երբ թիմերը բախվում են բարդ խնդրի, հիմնականում հրավիրվում են թեմային առնչվող բոլոր շահագրգիռ մասնակիցները, սակայն միշտ չէ, որ կարողանում են գտնել խնդրի համապարփակ լուծում, անգամ եթե տրամադրում են բավականին շատ ժամանակ։

Հանդիպում-քննարկումների միջոցով խնդիրների լուծման ֆորմատը ինքնին հանդիսանում է լուրջ մարտահրավեր։ Հանդիպման հիմնական նպատակը ենթադրում է նպաստել կառուցողական քննարկմանը, որի արդյունքը պետք է լինի, այսպես ասած, «իդեալական» լուծում գտնելը։ Սա հնարավորություն է տալիս հասկանալու մարդու էության կարևոր մի ասպեկտ՝ «Ինչպես ենք մենք եզրահանգումներ անում և որոշումներ կայացնում»։

ԽՄԲԱՅԻՆ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԻՔ

Եզրահանգումների սանդուղքը արդյունավետ գործիք է հաճախորդների հետ աշխատանքի ընթացքում, որը կարևոր հիմք է մարդու մտածելակերպը հասկանալու, հնարավորությունները բացահայտելու և խմբային արդյունավետ մտածողության ընթացքը պահպանելու համար։ Այն առավել օգտակար է, երբ խնդիրը կապված է երկիմաստության կամ տարակարծությունների ընկալման հետ:Եզրահանգումների սանդուղքը հնարավորություն է տալիս բացահայտելու մտավոր գործընթացների տարբեր մակարդակները՝ տվյալներ ստանալուց մինչև հետևություն անելը: Այն նաև բացատրում է, թե ինչպես են ձևավորվում մեր պատկերացումներն ու ընկալումները աշխարհի մասին։

Թեև եզրահանգումներ անելու գործընթացները կարող են թվալ տրամաբանական, այնուամենայնիվ, յուրաքանչյուր հերթական քայլի համար անհատը հենվում է իր ունեցած նախկին փորձի վրա: Իսկ յուրաքանչյուրիս փորձը տարբեր է:

Ահա, թե ինչպես է եզրահանգումների սանդուղքը բացահայտում մեր մտավոր գործընթացները.

    • մենք սկսում ենք մեզ հասանելի տեղեկատվության՝ դիտարկվող տվյալների ու փորձի միավորումից,ապա մենք ընտրում ենք այդ տեղեկատվության միայն մի մասը․ սովորաբար այն, ինչը գրավում է մեր ուշադրությունը կամ թվում է առավելապես նշանակալի, իսկ մնացածն ուղղակի անտեսում ենք,
    • այնուհետ մեկնաբանում ենք տեղեկատվությունը՝ հիմք ընդունելով անձնական և մշակութային արժեքային առանձնահատկությունների վրա հիմնված պատկերացումները, հետևություններ անում՝ հիմնվելով դրանց իմաստային կարևորության վրա,
    • և, վերջապես, եզրահանգումներ ենք անում՝ հիմնվելով կատարված մեկնաբանության վրա: Ժամանակի ընթացքում այս եզրահանգումներն էլ հաստատում են մեր համոզմունքները և ուղղորդում մեր գործողությունները:
    image
    Ինչպես տեսանք, մեր եզրահանգումները կարող են նաև հիմնվել տվյալների սխալ ընտրության կամ դրանց մեկնաբանության վրա: Ամենատարածված օրինակներից է այն, որ մի քանի հաճախորդների հետ շփման արդյունքում կարող ենք եզրահանգումներ անել ընդհանուր շուկայի մասին, ինչն էլ հիմնականում կարող է չհամապատասխանել իրականությանը: Մեզնից յուրաքանչյուրն էլ նման կերպ է վարվում և հաճախ` ենթագիտակցորեն: Օգտագործելով եզրահանգումների սանդուղքը` որպես այդ գործընթացները բացահայտելու գործիք, մենք ավելի լավ կարող ենք հասկանալ ինքներս մեզ և մեր գործընկերներին, գտնել լավագույն լուծումները և հաղթահարել փոփոխության նկատմամբ դիմադրությունը:
    ՁԵՐ ԴԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
    Որպես մոդերատոր՝ ձեր գործն է.

    • ուշադիր լսել արտահայտած տեսակետները,
    • պարզել, թե յուրաքանչյուր անձ ըստ սանդուղքի որ մակարդակից է հանդես գալիս՝ համոզմունք, ենթադրություն կամ մեկնաբանություն,
    • հարցեր տալով բացահայտել պատճառահետևանքային կապերը:


    Օրինակ՝ եթե անհատը որևէ գործողություն իրականացնելու պնդում է անում, կարող եք խնդրել նրան նկարագրել տրամաբանության այն շղթան, որը նրան հանգեցրել է այդ որոշմանը:Եթե ​​երկու հոգի հանգել են միմյանցից շատ տարբեր եզրահանգումների, ապա չի բացառվում, որ թե մեկի, թե մյուսի մոտ էլ բացակայել են առանցքային տվյալներ: Կամ գուցե նրանց պակասում են մեկնաբանման պիզմաները, ինչը կարող էր հանգեցնել մտավոր քարտեզի հարստացմանն ու նոր հնարավորությունների բացահայտմանը:


    Ճշգրտելու և ամբողջական պատկեր ունենալու միակ ձևը բաց հարցադրումներն են, օրինակ․


    • Կարո՞ղ եք ինձ օգնել հասկանալու ձեր մտածելակերպը:
    • Ո՞րն էր ձեր դատողությունների շղթան:
    • Ձեր ենթադրություններն և առաջարկությունները ի՞նչ տվյալների հիման վրա են կայացվել:


    Նման հարցադրումների նպատակը եզրահանգումների վիճարկումը, քննադատումը կամ մարդուն պաշտպանողական դիրքի մեջ գցելը չէ, այլ նրանց հիմնավորումների բացահայտումն է, որպեսզի դրանք դառնան խմբային մտածողության արժեքավոր և հավաստի բաղադրիչներ:Միևնույն ժամանակ, շատ կարևոր է հաշվի առնել այն, ինչ չի ասվում: Հիշեք, որ լռությունը չի նշանակում համաձայնություն կամ որ մարդ ասելիք չունի: Ձեր նպատակն է հասկանալ, թե ինչ է կատարվում մարդկանց գլխում և մակերեսային գաղափարներում, որոնք չեն բարձրաձայնվել: Հաջորդիվ կանդրադառնանք նաև խմբային քննարկումների նոմինալ մոդելին։Արդյունավետ որոշումների կայացման հիմք է հանդիսանում սանդուղքի ներքևի մակարդակներում մնալը, որը հնարավորություն է տալիս կատարել փաստերի և տվյալների համապարփակ ուսումնասիրություն, ինչպես նաև քննարկման ընթացքում խրախուսել խմբին խուսափելու վաղաժամ եզրակացություններ անելուց։
    ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՈՒՂՔԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ ՄԱՍ


    Որպես մենեջեր, դուք կարող եք օգտագործել եզրահանգումների սանդուղքը տարբեր իրավիճակներում: Այն առաջին հերթին կարող է ծառայել հենց ձեզ` օգնելու հասկանալ ձեր մտածողության կառուցվածքն ու եզրահանգումներ կատարելու նախընտրելի ձևաչափը։ Ձեզ համար օգտակար է նաև պարզել, թե ներկայումս դուք որ մակարդակի վրա եք գտնվում։ Հարցնելով ինքներդ Ձեզ, թե ինչ եք մտածում և ինչու եք այդ մակարդակի վրա՝ դուք կարող եք վերլուծել յուրաքանչուր քայլը և խուսափել հապճեպ եզրակացություններ կատարելուց։ Իսկ երբ այն կդառնա ձեզ համար աշխատանքային գործիք, կարող եք ներդնել թիմային քննարկումների ժամանակ, որպես իրեն արդարացրած, պարզ ու կիրառելի գործիք:


    Երբ ներդնեք այս մոտեցումը որպես թիմային աշխատանքի գործիք և այն ապացուցի իր արդյունավետությունը խնդիրների լուծման գործընթացում, այն կդառնա թիմային աշխատանքի և խմբային քննարկումների անբաժանելի մաս: Թիմի անդամները կզարգացնեն նոր սովորություններ և կհետևեն ձեր ցուցումներին և կկարողանան հանդիպումների ընթացքում ուսումնասիրել միմյանց դատողությունները, ինչն էլ կձևավորի նման դատողություններ ու հետևություններ անելու նոր սովորույթ:



    * Եզրահանգումների սանդուղքն ի սկզբանե մշակվել է Քրիս Արգիրիսի` Հարվարդի բիզնես դպրոցի նախկին դասախոսի կողմից, և նկարագրվել բազմաթիվ հրապարակումներում, ներառյալ «Հինգերորդ կարգապահությունը կազմակերպության ուսումնառության ռազմավարությունն ու գործիքակազմը» գրքում (Փիթեր Սենջ, Ռիչարդ Ռոս, Բրայան Սմիթ, Շարլոթ Ռոբերթս, Արթ Քլայներ):