Blog & news

Ռիսկի փոխհատուցումը կամ Պելցմանի ազդեցությունը

Armenian

Կոգնիտիվ խեղաթյուրումներից մեկը, որը կրում է տնտեսագետ Սեմ Պելցմանի անունը, ասոցացվում է անվտանգության և ռիսկի ընկալման հետ: Այս վարքագծային ադապտացիան ավելի ապահով պայմաններում բարձրացնում է ռիսկը՝ միևնույն ժամանակ ստեղծելով անխոցելիության թյուր զգացողություն։ Դա նշանակում է՝ մարդիկ հակված են լինել ավելի զգույշ, երբ որ իրավիճակն ավելի բարձր ռիսկային են գնահատում։ Միևնույն ժամանակ, երբ իրենց պաշտպանված են զգում, չնայած որ առկա են օբյեկտիվ ռիսկային պայմաններ, հակված են թույլ տալ անփույթ քայլեր։ Թեև նման վարքագծի դրսևորման սահմանումը հնչում է ծայրահեղ պարադոքսալ, սակայն որքան էլ որ ձգտենք շրջապատել մեզ ապահովության կանոններով և գործիքներով, պատահարի կամ բացասական արդյունքի հավանականությունը չի վերանում։


Ամենալավ օրինակը, որը կարող է բացատրել Պելցմանի էֆեկտը, մեքենաներում արգելակման համակարգի դերն է։ Արգելակման համակարգը ներկայացնելիս նշվում է, որ այն հնարավորություն է տալիս ձեզ զարգացնելու բարձր արագություն, սակայն արգելակների իրական դերը մեքենայի ընթացքը դանդաղեցնելը կամ, առհասարակ, մեքենան կանգնեցնելն է։ Այդ դեպքում ինչու՞ է մեզ գրավում բարձր արագության գաղափարը, և ի՞նչն Է մեզ տալիս ապահովության զգացում։

Այն միտքը, որ ցանկացած պահի կարող ենք դանդաղեցնել մեքենայի ընթացքը, ստիպում է ապահով զգալ և ցուցաբերել անզգույշ վարքագիծ՝ զարգացնել բարձր արագություն: Իսկ բարձր արագությունը ամենաառաջին պատճառներից է, որը կարող է հանգեցնել դժբախտ պատահարների և ողբերգական ավարտի: «Ավտոմեքենայի անվտանգության կարգավորման հետևանքները» հետազոտության մեջ Սեմ Պելցմանն առաջարկել է մի տեսություն, որում ասվում է՝ վարորդները հակված են ռիսկային վարքագիծ դրսևորելու՝ իրենց ավելի ապահով զգալով: Այս հոգեբանական վիճակը հետագայում դարձավ կոգնիտիվ խեղաթյուրման տեսակ։


Ավելի ուշ Հայման Մինսկին կիրառեց ռիսկի փոխհատուցման տեսությունը շուկայում ներդրողների վարքագծի մեջ: Նրա «Կայունությունը ծնում է անկայունություն» աշխատությունը առաջ է քաշում մի տեսություն, ըստ որի ինչքան շուկան ավելի երկարաժամկետ է կայուն վիճակում գտնվում, այնքան ինքնավստահ և անզգույշ են դառնում ներդրողները: Այս տեսանկյունից ռիսկերը շարունակում են աճել՝ անկախ շուկայի կանխատեսումներից: