Ջանքերի արդարացումը կոգնիտիվ խեղաթյուրման տեսակ է, որը տալիս է մարդուն կեղծ ընկալումներ: Այս կոգնիտիվ խեղաթյուրման գիտական և հոգեբանական բնորոշումը սահմանում է, որ մարդը հակված է ավելի բարձր գնահատել իր ջանքերը, քան այդ ջանքերի շնորհիվ ձեռք բերված արդյունքը։
Ինչպե՞ս հասկանալ այս գաղափարը։
Նպատակին հասնելու ձգտումը կարող է մղել մեծ կամ փոքր զոհաբերությունների։ Որքան դժվար է նպատակին հասնելու ուղին, այնքան ավելի արժեքավոր է դառնում արդյունքը։
Մնացած այլ կոգնիտիվ խեղաթյուրումների նման այս դեպքում ևս մարդն ավելի հակված է ժխտել խեղաթյուրման առկայության փաստը, քան կատարել օբյեկտիվ վերլուծություն, եզրակացություն կամ պատասխանատվություն կրել: Ոչ ոք պատրաստ չէ խոստովանել, որ իզուր ժամանակ, ջանքեր, փող և ռեսուրսներ է վատնում մի բանի վրա, որն իրականում այդքան արժևորել պետք չէր:
Ջանքերի արդարացումն օգնում է գնահատել մեր քայլերը և ցույց տալ բոլորին, որ արդյունքն արդարացնում է ամեն ջանք: Նույնիսկ եթե ինչ-որ պահ սկսենք գիտակցել, որ ջանքերն անիմաստ են, իսկ արդյունքը՝ ոչ էական, ջանքերի արդարացումից ստացած բավարարվածության զգացումը ստիպում է ընտրել հենց այդ տարբերակը:
Երբ մարդն իր ձեռքերով ինչ-որ բան է ստեղծում, ինքնըստինքյան իրեն թվում է, որ իր ջանքերը ապարդյուն չէին: «Այժմ աշխարհին հայտնի դարձավ ևս մեկ գլուխգործոց»: Նույնիսկ, եթե դա պարզապես սեփական ձեռքերով հավաքված կահույք է կամ ասեղնագործ շապիկ: Այս հարցում մարդիկ անփոփոխ են․ սեփական ջանքերը, քրտնաջան և ստեղծագործական աշխատանքը նրանց մոտ առաջացնում են վառ հուզական երանգ, ինչի արդյունքում էլ ցավոտ են արձագանքում իրենց գլուխգործոցների նկատմամբ ցանկացած քննադատությանը:
Ի դեպ, երեխաներին նույնպես կարելի է դասել այս գլուխգործոցների շարքին, ահա թե ինչու հասարակության մեջ ընդունված չէ մեկնաբանություններ անել ուրիշի երեխաների արտաքին տեսքի կամ հմտությունների մասին:
Ջանքերի արդարացումը բիզնես ոլորտում նույնպես շատ հաճախ հանդիպող երևույթներից է:
Այս երևույթը կիրառում են նաև բիզնեսում։ Օրինակ՝ հայտնի խաղալիքներ «Kinder Surprise» կամ հավաքվող IKEA կահույքը, Կոկա-Կոլայի գովազդը՝ «Հավաքեք 10 գլխարկ և ստացեք մրցանակ»: Օրինակները շատ են: Սրանք բոլորն էլ հիմնված են այն փաստի վրա, որ երբ մարդը սկսում է գործադրել որոշակի ջանքեր, ապա այդ խնդիրն անմիջապես ստանում է կարևորության նոր աստիճան:
Մեկ «Kinder Surprise»-ի արժեքով կարելի է գնել գլուխկոտրուկ խաղեր կամ Lego կոնստրուկտորներ, ինչպես նաև մեկ փոքր շոկոլադե սալիկ: Բայց ոչ․ որքան լավ են աշխատել մասնագետները, չէ՞ որ այս շոկոլադե ձվերը ունեն անընդհատ և շարունակական պահանջարկ փոքրիկների շրջանում:
Առաջին հայացքից սա բավականին անմեղ կոգնիտիվ խեղաթյուրում է․ այն դժվար թե ունենա որևէ բացասական հետևանք: Մինչդեռ նրա ներկայությունը կյանքի գրեթե բոլոր ոլորտներում և մասնագիտական գործունեության մեջ կարող է սխալ ընտրության կամ որոշման կայացման պատճառ հանդիսանալ։
Պատկերացնենք մի իրավիճակ, երբ ինչ-որ մեծ ընկերության գործադիր տնօրեն սկսում է կիրառել անարդյունավետ ռազմավարություն ի վնաս ընկերության և ամբողջ թիմի։ Նույնիսկ չունենալով որևէ արդյունք կամ անգամ ունենալով բացասական արդյունք՝ նա շարունակում է կիրառել այդ ռազմավարությունը, քանի որ ծախսել է բավականին ժամանակ և ռեսուրս՝ այն մշակելու և ներդնելու համար։
Այսպիսով, ջանքերի արդարացումը կարելի է օգտագործել որպես աշխատանքի արտադրողականության բարձրացման միջոց: Այս կոգնիտիվ խեղաթյուրումը կարող է օգնել ավելի արագ և արդյունավետ կատարել ու ավարտել ոչ հաճելի առաջադրանքը։ Չէ որ, նույնիսկ, ոչ սիրելի գործի մեջ շատ ժամանակ և ջանք ներդնելու արդյունքում, ի վերջո, այն դառնում է ավելի արժեքավոր՝ ստիպելով ավարտել առաջադրանքը: