Բարնումի էֆեկտը, որը հայտնի է նաև «Ֆորերի էֆեկտ» անվամբ, մեծ ուշադրության արժանացած և ամենալայն քննարկման առարկա դարձած կոգնիտիվ խեղաթյուրումներից է։ Նախքան օրինակներին անցնելը՝ ներկայացնենք այս հոգեբանական երևույթը։ Բարնումի կամ Ֆորերի էֆեկտը մարդու՝ հիմնականում դրական հատկանիշներ կամ նկարագրություններ իրեն վերագրելու հակումն է։ Այս ամենը կարող է բավականին անորոշ և կասկածելի հնչել․ այդ դեպքում հիշեք, թե կյանքում քանի անգամ եք կարդացել հորոսկոպ և գտել ձեր անհատականությունը ամենայն ճշգրտությամբ բնութագրող տողեր։ Հիշեցի՞ք։ Շնորհավորում ենք, դուք նույնպես դարձել եք կոգնիտիվ խեղաթյուրման սուբյեկտ։ Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ այս խեղաթյուրումն ամենատարածվածն է, և յուրաքանչյուր ոք կյանքում գոնե մեկ անգամ զգացել է դա։
Ներկայացնենք պատմական փոքր ակնարկ այս կոգնիտիվ խեղաթյուրման անվան ծագման մասին։ Պ․Տ․ Բարնումը եղել է շոումեն, ով հայտնի էր իր միստիֆիկացիաներով։ Նա հիմնել է ժամանակի ամենաճանաչված «Բարնում և Բեյլեյ» կրկեսը։ Նրան է պատկանում հետևյալ հայտնի արտահայտությունը՝ «Ամեն րոպե ծնվում է մի նոր միամիտ»։ Նա վստահ էր, որ շատ մարդիկ դյուրահավատ են՝ պատրաստ հավատալու ամեն ինչին։ Այս համոզման վրա հիմնված պարզ հնարքները դարեր շարունակ կիրառվել են հրաշագործների, հորոսկոպ մեկնաբանողների, հիրոմանտների, ինչպես նաև՝ ժամանակակից թվային մեդիա հարթակների կողմից։
Այս հոգեբանական ֆենոմենի մասին պաշտոնապես բարձրաձայնվել է ամերիկացի հոգեբան, պրոֆեսոր Բերտրամ Ռ․ Ֆորերի կողմից։ Այս նոր տեսությունն ապացուցելու համար՝ նա իր ուսանողների հետ անց է կացնում անհատականության բացահայտման թեստ։ Նա ուսանողներին հայտնում է, որ յուրաքանչյուր թեստի արդյունք վերլուծվելու է առանձին, որպեսզի հնարավոր լինի ստանալ անհատականության առավել ճշգրիտ նկարագրություն։ Իրականում, ամփոփելով թեստի արդյունքները՝ նա բոլոր մասնակիցներին ներկայացնում է միևնույն ընդհանրական նկարագիրը, որը կարող էր համապատասխանել բոլոր մասնակիցներին, օրինակ՝ «Դուք ցանկանում եք դուր գալ բոլորին»։ Արդյունքում մասնակիցները այդ «կեղծ» թեստի արդյունքները գնահատել էին բավարար ճշգրիտ։
Ինչու՞ են մարդիկ այդքան հեշտությամբ տրվում Բարնում/Ֆորերի էֆեկտին։
Կարևոր է նշել, որ Բարնում/Ֆորերի էֆեկտը հիմնականում գործում է դրական պնդումների և հաճոյախոսությունների դեպքում։ Թեթևակի բացասական կամ քննադատական երանգ ունեցող հետադարձ կապը երբեք չի ընդունվի նույն եռանդով և խանդավառությամբ։ Կարճ ասած՝ այս կոգնիտիվ խեղաթյուրումը շոյում է ինքնասիրությունը (իսկ ո՞վ չի ուզում իրեն յուրահատուկ զգալ)։
Բարնում/Ֆորերի էֆեկտը լայն կիրառում ունի «սառը ընթերցման» մեջ։ Վերջինս իրենից ներկայացնում է հնարքների հավաքածու, որն օգտագործվում է մենտալիստների, բախտագուշակների, իլյուզիոնիստների և մեդիումների կողմից։ Ձեզ կարող է թվալ, որ նրանք ամեն ինչ գիտեն ձեր մասին՝ առանց ձեզ ճանաչելու, իսկ իրականում նրանք վերլուծում են տասնյակ գործոններ (մարմնի լեզու, տարիք, հագուստի ոճ, սանրվածք, խոսելու ոճ և այլն), որոնք օգնում են նրանց կերպար ստեղծելու գործում։
Ինչպե՞ս է կիրառվում Բարնում/Ֆորերի էֆեկտը կայքերում և սոցիալական ցանցերում։
Այս կոգնիտիվ խեղաթյուրումը դարձել է սոց․ ցանցերի անբաժան մասը։ Դրանցում հազարավոր գործիքներ են կիրառվում մարդկանց ներգրավելու և նրանց վրա ազդելու համար։ Ամենահաճախ հանդիպող հրապարակումներից են Ֆեյսբուքում անհատականությունը ներկայացնող quiz-ները։
Հավելվածի ծրագիրը վերլուծում է օգտատիրոջ նկարը կամ անունը և գեներացնում պատահական արդյունք կամ նկար, որն իբրև հատուկ կազմված է տվյալ օգտատիրոջ ապագան գուշակելու կամ բնավորության գծերը բացահայտելու համար։ Նույն մեխանիզմը կիրառվում է նաև այլ կայքերում՝ Spotify, Netflix և այլն։
Ամփոփելով նշենք, որ Բարնում/Ֆորերի էֆեկտը կոգնիտիվ խեղաթյուրումներից ամենաանվնասն է․ այն ազդում է միայն անձի ընկալման, այլ ոչ թե միջավայրի վրա։ Այնպես որ կարող եք հանգիստ վայելել աստղագուշակով խոստացված սերն ու փողը։