Blog & news

Կոգնիտիվ խեղաթյուրումներ. ի՞նչ գործոններ են ազդում որոշումների վրա

Armenian
Մարդու ուղեղը կարելի է համեմատել անսահման և դեռևս լիովին չբացահայտված տիեզերքի հետ։ Դժվար է ասել՝ երբ կկարողանանք բացահայտել նրա իրական ներուժը: 

Անձի ընկալումը ուղիղ համեմատական է նրան, թե ինչպես է նա մտածում և ինչ դատողություններ է անում այս կամ այն ​​փաստի կամ իրադարձության վերաբերյալ: Եվ միշտ չէ, որ մարդու մտածողությունն ու դատողությունները արտացոլում են օբյեկտիվ իրականությունը, դրանք հաճախ կարող են ունենալ համակարգված սխալներ և շեղումներ: Հենց նման դեպքերում էլ կարելի է խոսել կոգնիտիվ խեղաթյուրման մասին:

Արտաքին ազդակներն ընկալելու և արձագանքելու այս բարդ գործընթացը անմիջական ազդեցություն է ունենում մարդու վարքի վրա, սակայն այդ գործառույթներն ավելի խորն են և շերտավորված: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում կոգնիտիվ խեղաթյուրումը

Կոգնիտիվ խեղաթյուրումները մարդու մտածողության տարբեր համակարգային սխալներ են, ինչպես նաև կարծրատիպային շեղումներ, որոնք տեղի են ունենում որոշակի իրավիճակներում և հիմնված են խեղաթյուրված համոզմունքների վրա: Յուրաքանչյուր մարդ հակված է ստեղծելու իր սուբյեկտիվ իրականությունը՝ կախված իր սեփական ընկալումից: Եվ այս իրականությունը, իր հերթին, որոշում է անձի վարվելակերպը հասարակության մեջ: Այստեղից հետևում է, որ կոգնիտիվ խեղաթյուրումները հաճախ սխալ կամ ոչ ճշգրիտ դատողությունների, աղավաղված մեկնաբանությունների և իռացիոնալ վարքի պատճառ են դառնում:

Որոշ դեպքերում, կոգնիտիվ խեղաթյուրումները կարող են կատալիտիկ դեր ունենալ անհատի՝ առավել արդյունավետ գործունեության իրականացման համար։ Օրինակ, դրանք թույլ են տալիս մարդուն ավելի արագ որոշումներ կայացնել կամ հարմարվել իրավիճակներին: Մեկ այլ դեպքում, կոգնիտիվ խեղաթյուրումը կարող է հանդիսանալ անձի տեղեկատվության մշակման սահմանափակ ունակության կամ անհրաժեշտ մտավոր կարողությունների բացակայության ուղղակի հետևանք: 

Կոգնիտիվ գիտությանը (գիտական ​​ոլորտ, որն ուսումնասիրում է միտքն ու բանականությունը), սոցիալական հոգեբանությանը և հարակից որոշ այլ գիտությունների, կոգնիտիվ խեղաթյուրումների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտել այն հոգեբանական գործընթացները, որոնց վրա հիմնված է մարդու ընկալումն ու որոշումների կայացումը:

Կոգնիտիվ խեղաթյուրումները կարող են լինել հետևյալի արդյունքը՝

  • սոցիալական ազդեցություն,
  • բարոյական և էմոցիոնալ գործոնների ազդեցություն,
  • մարդու ուղեղի տեղեկատվության մշակման սահմանափակ հնարավորություններ,
  • տեղեկատվության մշակման խախտումներ,
  • տարբեր մտքերի անվերահսկելի հոսք (իմացական աղմուկ)


Ինչպե՞ս կարելի է հաղթահարել կոգնիտիվ խեղաթյուրումը

Ինքնաճանաչումը և ինքնակրթությունը կարող են նվազագույնի հասցնել խեղաթյուրումների դրսևորումը և նույնիսկ օգնել հաղթահարել դրանք: Ամեն ինչ սկսվում է օբյեկտիվ վերլուծությունից և կոգնիտիվ խեղաթյուրման գոյության ընդունումից: Գոյության փաստը օգնում է հաշվի առնել դրա ազդեցությունը մտածողության և որոշումների կայացման վրա: Հաջորդ քայլով հաշվի են առնվում  այն գործոնները, որոնք կարող են ազդել որոշումների վրա: Այդ ազդեցությունների վերլուծությունը կարող է օգնել ավելի ճիշտ ընտրություն կատարել:

Եզրափակիչ քայլը կոգնիտիվ խեղաթյուրման հետ առերեսվելն ու մարտահրավեր նետելն է: Քննադատական ​​մտածողությունը և մատահրավերներին դիմակայելը կօգնեն զարգացնել ճկուն մտածողություն և հաղթահարել ցանկացած տեսակի խեղաթյուրում: