Blog & news

ՄՌԿ մասնագետների ապագան

Armenian
Պրոֆայլինգի նորարարական գործիքների կիրառման արդյունավետությունը ՄՌԿ-ում

Մարդկային ռեսուրսը, անկասկած, կարելի է համարել ամենաարժեքավոր կապիտալներից մեկը, որն իր հստակ և կարևոր դերն ունի կազմակերպության զարգացման գործում։ ՄՌԿ-ի գլխավոր գործառույթն է գտնել համապատասխան մասնագետների և ստեղծել այնպիսի թիմ և միջավայր, որը կնպաստի արդյունավետ համագործակցության և արժեքի ստեղծման:

Ներկայումս ՄՌԿ մասնագետների շրջանում լայնորեն կիրառվում է թեստային դիագնոստիկայի համակարգը, որը, սակայն, ժամանակի ընթացքում կորցրել է իր վալիդությունը․ մարդիկ սովորել են թեստերին և սկսել են կեղծել պատասխանները՝ ներկայացնելով ցանկալին որպես իրականություն։
Թվայնացման դարում տեղին է ավանդական թեստերը փոխարինել ինտերակտիվ դիագնոստիկայի նորարարական լուծումներով։ Հիմնվելով միջազգային փորձի վրա՝ կարելի է առանձնացնել առավել արդյունավետ և հետաքրքիր ստրատեգիաներ, որոնք կարող են կիրառվել պրոֆայլինգի կամ դինամիկ փսիխոգրաֆիկայի իմացությամբ ՄՌԿ մասնագետների կողմից։



1․ Գեյմիֆիկացված թեստեր


Ոչ թեստային դիագնոստիկայի այս տարբերակը թույլ է տալիս խաղերի միջոցով գնահատել թեկնածուներին։ Օրինակ՝ ստրատեգիական և տրամաբանական խաղեր, որտեղ թեկնածուն կիրառում է նույն ստրատեգիաները, ինչ կյանքում։ Գեյմիֆիկացված թեստերը ՄՌԿ մասնագետին թույլ կտան վերլուծել ու գնահատել թեկնածուի թե՛ մասնագիտական կարողությունները, թե՛ վարքագծի դրսևորումները։ Նման թեստերից են՝

  • Arctic Shores
  • Pymetrics
  • Owiwi
  • AiHire
  • Revelian
  • Knack
  • Persona Labs
  • Journey.HR
  • Lensa
  • Good&Co

2. Վերլուծություն սոցիալական ցանցերի միջոցով


Ժամանակակից մարդու կյանքում հսկայական դեր ունեն սոցիալական ցանցերը՝ Facebook, Instagram, Twitter և այլն։ Իրական կյանքի ցանկացած իրադարձություն պրոյեկտելով սոցիալական ցանցերում՝ մարդը ստեղծում է վիրտուալ կյանք, կամ այլ կերպ ասած՝ կերտում վիրտուալ ինքնություն։ Սոցիալական ցանցերի հիման վրա կատարված վերլուծությունը պրոֆայլինգում ամենահաճախ կիրառվող գործիքներից է։ Այն թույլ է տալիս միաժամանակ վերլուծել մի քանի տարբեր սոցիալական ցանցերում հրապարակված գրառումները և նկարները, դուրս բերել գրառումներում հաճախ օգտագործված բառերն ու նախադասությունները և տալ ամբողջական ինֆորմացիա։ Նման գործիքներից առավել արդյունավետներն են՝

  • Searchinform*
  • The Social Index
  • CrystalKnown

* Searchinform հարթակը վերլուծում է ընկերության ներսում աշխատակիցների միջև փոխհարաբերությունները, ուժեղ և թույլ կողմերը, ում կարելի է վստահել և ում հանդեպ պետք է ուշադիր լինել: Այդ ամենը արվում է ընկերության ներսում շրջանառվող կոմունիկացիոն ուղիների, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա տեքստերի վերլուծության շնորհիվ։

3․ Վիդեո հարցազրույցի վերլուծություն


Ընթացիկ տարում պանդեմիան ստիպեց կազմակերպություններին անցնել հեռավար աշխատանքի, որն ուներ և՛ դրական, և՛  բացասական կողմեր։ Հեռավար աշխատանքը մի շարք մարտահրավերներ ի հայտ բերեց, որոնց հաղթահարումը պահանջում էր նորարարական լուծումներ։ Այսպես, հեռավար հարցազրույցների ժամանակ խնդիր առաջացավ վերլուծել թեկնածուների ուժեղ և թույլ կողմերը, մետածրագրերը, Big Five, Dark Triad և այլն։ Խնդրի լուծման համար կարելի է կիրառել տեսահարցազրույցների գնահատման ավտոմատացված համակարգեր, որոնք թույլ են տալիս «կարդալ» մարդկանց դեմքը և դրա առանձնահատկությունները՝ օգտագործելով հետևյալ հարթակներից մեկը՝

  • Faception
  • Hire Vue
  • VCV – Digital recruitment
  • Skillaz
  • Intervyo
  • Pre-Interview

4․Պրոյեկտիվ թեստեր


Գոյություն ունեն անձնակազմի ընտրության բազմաթիվ հոգեվերլուծական մեթոդներ, որոնց հիմնական նպատակն է ստանալ անձի ամբողջական բնութագիրը։ Նման թեստերի շարքին են դասվում պրոյեկտիվ թեստերը, որոնց ընթացքում թեկնածուն իրեն նույնականացնում կամ չի նույնականացնում ցուցադրված նկարների հետ։ Traitify պրոյեկտիվ թեստի հարթակը հստակ գրաֆիկների տեսքով ներկայացնում է մասնակցի գնահատականը։

Այս բոլոր նորարարական լուծումները և գործիքները դեռևս զարգացման փուլում են և դրանք կիրառելու դեպքում ՄՌԿ մասնագետներին թույլ կտան ոչ միայն ընտրել մասնագետների և համալրել թիմը նոր կադրերով, այլև կօգնեն թեկնածուներին լավագույնս ներկայացնել սեփական գիտելիքները և հմտությունները։